Հայ

<<Անուշավան Աբրահամյան կրթական հիմնադրամը>>` կրթության մեծ երաշխավոր      

 Հեղինակ`. Ա. Միքայելյան


Յուրաքանչյուր երկրի համար, որը հարուստ չէ բնական պաշարներով, նյութական ռեսուրսներով, չունի հզոր տնտեսություն և արդյունաբերություն, կարևորվում է կրթությունը` որպես մտավոր ռեսուրսի հիմք:

Վերջին տարիներին մեր երկրում գերակա խնդիր է համարվում կրթության ոլորտի բարելավումը. մասնավորապես լուրջ ուշադրություն է դարձվում միջին մասնագիտական և արհեստագործական կրթություն իրականացնող հաստատություններին: Այս բնագավառում իր մեծ երախտիքն ունի <<Անուշավան Աբրահամյան կրթական հիմնադրամը>>` ի դեմս տեր և տիկին Աբրահամյանների: Նրանց աջակցությամբ Հանրապետության մի շարք քոլեջներում կատարվեցին շինարարական և բարեկարգման աշխատանքներ, ընդլայնվեց արհեստագործական մասնագիտությունների և նոր արհեստանոցների ցանկը: 2006թ. Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջում ստեղծվեց հիմնադրամին կից Անկախ հանձնախումբ, որը <<Անուշավան Աբրահամյան կրթական հիմնադրամի>> հովանավորությամբ բազմաթիվ ծրագրեր է իրականացրել. վերանորոգվել է քոլեջի տանիքը, փոխվել են պատուհանները, տեղադրվել է ջեռուցման համակարգ: Այդ հայրենանվեր աշխատանքի արդյունքում քոլեջում բացվել է արհեստագործական 4 նոր մասնագիտություն.

<<Գինեգործություն և հյութերի արտադրություն>> մասնագիտությունը քոլեջի մասնագիտությունների ցանկում ընտրվել է 2006թ., տվել է շրջանավարտների 5 սերունդ: Վերջին տարիներին` արտադրական պրակտիկայի կարևորումից հետո, որն իրականացվում է մարզի գինու գործարաններում, շրջանավարտների մեծ մասը սկսեցին աշխատել ավարտելուց անմիջապես հետո: 2015թ. քոլեջում  իրականացվում է նաև <<Գինեգործություն>> մասնագիտության հեռավար ուսուցում, և քոլեջը տվել է առաջին շրջանավարտները:

<<Զարդակիրառական արվեստ>> մասնագիտությունը առաջին արհեստագործական մասնագիտությունն է, որը գրեթե մեկ տասնամյակ առաջ ընդգրկվեց քոլեջում ուսուցանվող մասնագիտությունների ցանկում: Շրջանավարտները գերազանց տիրապետում են զարդակիրառական իրեր պատրաստելու հմտություններին, նրանց պատրաստած իրերը ամեն տարի ցուցադրվում են թե° մարզում կազմակերպվող միջոցառումներին` <<Ոսկե աշուն>>, <<Բերքի տոն>>, <<Հմուտ ձեռքեր>>, <<Աշխատանքի տոնավաճառներ >> /որոնք կազմակերպվել էին Եղեգնաձորի զբաղվածության կենտրոնի կողմից հոկտեմբերին և Վայքի Ինֆոտան և <<Աշխատանք և հայրենիք>> ՀԿ-ի կողմից  մարտին/, այնպես էլ աշխատանքները ցուցադրվել են կրթության ոլորտում կազմակերպվող հանրապետական միջոցառումներին` <<Էքսպո>>, <<Ես կարող եմ աշխատել>>: Այդ աշխատանքները հիացրել են բոլորին  հայկական զարդանախշերի նրբությամբ և դրանց պատկերման հմտությամբ:

<<Խոհարարական գործ>> մասնագիտությունը ուսուցանվող մասնագիտությունների ցանկում ընդգրկվել է` մարզի աշխատաշուկայի պահանջներից ելնելով: Այս մասնագիտության շրջանավարտները նույնպես իրենց պատրաստած և ձևավորած կերակրատեսակներով  հիացմունք են պատճառել վերոնշյալ միջոցառումներին, ինչպես նաև քոլեջում կազմակերպվող ընդունելություններին, սեմինարներին, միջոցառումներին մասնակցած հյուրերին և այցելուներին:

Քոլեջը կարճաժամկետ ուսումնական ծրագրեր է իրականացրել <<Վարսահարդարություն>> մասնագիտության գծով` համագործակցելով Եղեգնաձորի և Վայքի զբաղվածության կենտրոնների հետ: Վարսավիրական պարագաները և սենյակի կահավորումը նույնպես կատարվել է <<Անուշավան Աբրահամյան կրթական հիմնադրամի>> կողմից: 

<<Անուշավան Աբրահամյան կրթական հիմնադրամի>> ֆինանսավորմամբ և         UITE-ի աջակցությամբ քոլեջում հիմնվեց ռոբոտաշինության Հայաստանում բացված               7 լսարաններից մեկը: Համապատասխան դասախոս ընտրվեց այն անձը, ով կայացած անհատ ձեռնարկատեր է տվյալ ոլորտում և անտարբեր չէ նորարարությունների հանդեպ: Արդյունքում մեր ուսանողները արագորեն դարձան տվյալ ոլորտի աշխատանքի միջավայրի մի մասը, որի շնորհիվ առնչվում են ոլորտի արդի խնդիրներին և դառնում դրանց լուծման ուղիները փնտրելու և գտնելու ակնատեսն ու մասնակիցը: Այս լսարանի հիմնումը մեծ հեռանկար ու հնարավությունների լայն ասպարեզ է բացում մեր ուսանողների համար արդի գիտության զարգացման ուղղությամբ և կնպաստի, որ նրանք դառնան մրցունակ աշխատողներ:  

<<Անուշավան Աբրահամյան կրթական հիմնադրամը>> հզոր ու կայացած կազմակերպություն է, որը բազում հովանավորչական ծրագրեր է իրականացնում` օգնելով երիտասարդներին կրթություն ստանալ մասնագիտական հարցերում, որպեսզի երիտասարդները չլքեն իրենց բնակավայրը, նրանց համար ստեղծում է բարենպաստ պայմաններ, ապահովում համապատասխան սարքավորումներով և գործիքներով և այդ ամենը` ի նպաստ շնորհալի երիտասարդների լուսավոր ապագայի` վաղվա օրվա, Հայաստան երկրի զարգացման ու բարգավաճման: 


ՔՈԼԵՋԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ
Ruben




ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՆՈՐ  ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ

Վերջին վեց տարիների ընթացքում ՄԱԿ-ի Զարգացման  ծրագրի (ՄԱԶԾ) շրջանակներում Դանիայի և Նորվեգիայի կառավարությունների դրամաշնորհային աջակցության շնորհիվ  Հայաստանի նախնական և միջին մասնագիտական կրթության հաստատությունները հարստացնում և ամրապնդում  են  իրենց նյութատեխնիկական բազան: Նպատակ ունենալով մասնագիտական ուսումնական գործընթացն ավելի  գրավիչ և գործնական դարձնելու, ինչպես նաև  մասնագիտական ուսուցումը գործատուների առկա պահանջներին համապատասխանեցնելու` ՄԱԶԾ-ն  ժամանակակից ուսումնական լաբորատոր սարքավորումներ է  տրամադրել մի շարք քոլեջների և ուսումնարանների` դրանով իսկ  նպաստելով պետական քոլեջների տոկոսի  վերազինմանը:
Մայիսի 30-ին  Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ  էին այցելել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գեռչևան, ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի աշխատակիցներ`  տեղում ծանոթանալու տեխնիկական հնարավորությունների առկայությանը, օգտագործման սկզբունքներին և այլն: 
Հյուրերը տպավորված էին ջերմ ընդունելությամբ, «Զարդակիրառական արվեստ» մասնագիտության ուսանողների աշխատանքների ցուցահանդեսով, ուսանողական խորհրդի գործունեությամբ, ուսանողների ակտիվ մասնակցությամբ ընթացող գործնական պարապմունքներով և նրանց կողմից տեխնիկական միջոցների կիրառման հմտությունների  իմացությամբ: Հյուրերը տնօրենի հետ զրույց- հանդիպման ընթացքում կարևորեցին տարածաշրջանում այսպիսի նյութատեխնիկական հնարավորություններով ապահոված քոլեջի առկայությունը, որը կդառնա մարզի աշխատաշուկայի միջին օղակը որակյալ մասնագետներով համալրելու  լավագույն դարբնոցը...  Շեշտը դրվեց նաև գործատուների հետ արդյունավետ համագործակցության վրա, ինչը խթան կհանդիսանա  մարզի սոցիալ-տնտեսական զարգացման համար:
ՄԱԶԾ 200 հազար դոլար արժողությամբ  քոլեջը 2010-2011թթ. ստացել է  5 ուսուցողական լաբորատորիաներ, ինչպիսիք են փայտամշակումը, գեղարվեստական փորագրումը, մեքենավարումը և շահագործումը, ինչպես նաև  ժամանակակից համակարգչային տեխնիկա` քոլեջում նորագույն կրթական տեխնոլոգիաներով գործնական դասընթացներ կազմակերպելու համար: Քոլեջի սարքավորումների և ուսումնական արհեստանոցների արդիականացումից բացի` ՄԱԶԾ աջակցության ծրագիրն ամբողջությամբ ներգրավում է քոլեջի դասախոսական և վարչական անձնակազմին  կարողությունների զարգացմանն ուղղված բազմաթիվ վերապատրաստումներին` ներկայացնելով ժամանակակից  կրթական մեթոդները և տեխնոլոգիաները, նորարար կրթական  մեթոդաբանական  հիմունքները և նյութերը, ինչպես նաև փոխանցում է տեղական գործընկերներին ՄԿՈՒ ոլորտում  արձանագրված միջազգային լավագույն փորձը: