Հայ
  ԿՐԹԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ  ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջը, մշտապես հետամուտ լինելով կրթության որակի բարելավման խնդրին, չի սահմանափակում իր գործունեությունը զուտ ուսուցման գործընթաց կազմակերպելով. Համագործակցությունը գործատուների, տեղական և միջազգային կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման և պետական կառավարման մարմինների և հատկապես Հայաստանի տարբեր բուհերի հետ քոլեջի գործունեության հիմնաքարերից է:
Մարտի 16-ին քոլեջ էին այցելել Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ Համլետ Հակոբյանը և ինֆորմատիկայի դասախոս Ժենյա Պապիկյանը: Այցի նպատակն էր ծանոթանալ 2201 <<Հաշվողական մեքենաներ, համակարգեր, համալիրներ և ցանցեր>> և 2203 <<Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում>> մասնագիտությունների ուսումնական պլաններին և ծրագրերին, առարկաների և մոդուլների դասավանդման մեթոդներին, իրականացնել խորհրդատվություններ: Հյուրերը պատրաստակամություն հայտնեցին աջակցել քոլեջին մի շարք խնդիրներում` դիպլոմային աշխատանքների նախագծերի ղեկավարում, պետական որակավորման հանձնաժողովներում ընդգրկվածություն, մասնագիտական և մեթոդական խորհրդատվությունների անցկացում, ուսումնամեթոդական ձեռնարկների տրամադրում, բուհական համակարգում քոլեջի շրջանավարտների կրթության շարունակելիությանն օժանդակություն:
Հ. Հակոբյանն ու Ժ. Պապիկյանն առանձնապես կարևորեցին գործնական դասերի արդյունավետ և նպատակային անցկացումը, ավանդական և ժամանակակից մեթոդների ճիշտ համադրումը: Նրանք տպավորված էին քոլեջի նյութատեխնիկական հարուստ հնարավորություններով, տեխնիկական հագեցվածությամբ, ուսանողների ակտիվությամբ, մասնագիտական հետաքրքրվածությամբ և գիտելիքների մակարդակով: Համալսարանական մասնագետները և քոլեջի դասախոսները քննարկեցին առարկաներին առնչվող մի շարք մասնագիտական  և մեթոդական խնդիրներ, արվեցին համապատասխան հետևություններ և եզրակացություններ:
Քոլեջի տնօրեն Խ. Սարգսյանը հույս հայտնեց, որ տարբեր բուհերի մասնագետների նմանատիպ այցելությունները քոլեջ հաճախակի կլինեն, որոնք կնպաստեն կրթություն իրականացնող տարբեր օղակների /միջին մասնագիտական և բուհական/ միջև համագործակցության ամրապնդմանն ու ընդլայմանը` ի նպաստ կրթական համակարգի զարգացման և կրթության որակի բարելավման: